Կապան համայնքի կոմունալ ծառայությունը նոր գրասենյակ ունի, հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Շենքի բացման արարողությանը ներկա են գտնվել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները և այլք։
Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրասենյակի բացումը և շնորհավորել հատկապես կոմունալ ծառայության աշխատակիցներին՝ արդեն իսկ արժանավայել պայմաններում իրենց գործունեությունը շարունակելու կապակցությամբ։ Առիթը օգտագործելով՝ համայնքի ղեկավարը թվերի տեսքով ներկայացրել է նաև կոմունալ ծառայության վերջին 5 տարիների ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, որոնք, նրա համոզմամբ, հնարավոր են դարձել ծառայության աշխատակիցների նվիրվածության, բարձր պատասխանատվության և հետևողական աշխատանքի արդյունքում։
«Վստահ եմ, որ նույն ոգով և թիմային աշխատանքով շարունակելու եք ձեր առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ իրագործել, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության որակական նոր մակարդակ ապահովել արդեն իսկ համարավետ պայմաններում»,- իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը:
«Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ըստ այդմ՝
- Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 61 750 164 ՀՀ դրամ
- Կապան համայնքի համաֆինանսավորման չափը՝ 24 700 065 ՀՀ դրամ
- ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը՝ 37 050 098 ՀՀ դրամ