Ակտիվիստները Վենետիկի գլխավոր ջրանցքի ջուրը կանաչ են դարձրել՝ դատապարտելով կլիմայական արտակարգ իրավիճակի դեմ պայքարում կառավարությունների «ձախողումը» :
Իտալացի էկոակտիվիստները կանաչ օրգանական ներկով ներկել են Վենետիկի Մեծ ջրանցքը՝ «Գրանդ Կանալ»-ն՝ ի նշան Դուբայում COP28 կլիմայական գագաթնաժողովում առաջընթացի բացակայության դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է euronews-ը։
Նախօրեին խորհրդաժողովի նախագահ Սուլթան բին Ահմեդ Ալ-Ջաբերը կոչ է արել արագացնել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը՝ ընդունելով, որ պատվիրակությունների միջեւ տարաձայնությունները նախկինի պես ավելի շատ են, քան ընդհանուր դիրքորոշումները:
«Ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հարմարեցումը։ Տեքստ դեռ չկա։ Դա հիասթափեցնող է, անկեղծ ասած: Բայց մենք այստեղ չենք, որպեսզի հանձնվենք: Մենք երկար ժամանակ այստեղ ենք, քանի որ ցանկանում ենք լավ արդյունքի հասնել, որպեսզի ողջ մնանք»,- ասել է Սամոայում բնակվող Տոեոլեսուլու Շուստերը:
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը ներառում է հանածո վառելիքի ապագա օգտագործման մի քանի տարբերակներ: ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գլխավոր քարտուղար Հայսամ Ալ-Գայսը կոչ է արել մերժել դրանից աստիճանաբար հրաժարվելու մասին բոլոր ձևակերպումները: