Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով՝ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով՝ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա:
ԱԺ փոխնախագահ, հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի կարծիքով՝ սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին․ «Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արշակյանը։