ՀՀ-ն նախատեսում է 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ ներգրավել ՕՊԵԿ-ից. նախագիծ

Վարկը եվրոյով է: Տոկոսադրույքը 2 կոմպոնենտ ունի՝ վեցամսյա Եվրիբոր և ֆիքսված Սփրեդ։

Հայաստանի Հանրապետությունը ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից նախատեսում է ներգրավել 50 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ: Այդ մասին ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծն Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

«Հաշվի առնելով վարկի բնույթը, այսինքն՝ բյուջետային աջակցության բնույթը, միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար ԱԺ-ն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:

Սակայն մի կարևոր հանգամանք կա: Հաշվի առնելով, որ մեր կապիտալ ծախսերը՝ պլանավորած 550 միլիարդ, գերազանցում են մեր պլանավորված 290 միլիարդ պակասուրդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնք կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքների կառուցման ֆինանսավորում, որոնք, իրենց հերթին, տնտեսության վրա ունեն դրական և ներուժը բարձրացնող ազդեցություն, ուղղված են մեր ապագա սերունդներին: Հետևաբար, պարտքային միջոցների խելամիտ օգտագործում եմ ենթադրում»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել:

Էդուարդ Հակոբյանը նաև պարզաբանեց, թե ինչու է համաձայնագիրը կոչվում «Կանաչ և դիմակայուն»: Ըստ նրա՝ դրանք բխում են ներկա գլոբալ մարտահրավերներից, ուղղված են ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականության խթանմանը, էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև օդի աղտոտվածության մոնիթորինիգի բարելավմանը:

«Վարկը եվրոյով է: Տոկոսադրույքը 2 կոմպոնենտ ունի՝ վեցամսյա Եվրիբոր և ֆիքսված Սփրեդ, որը 1,6 տոկոս է, և ներկա գնահատումներով 5,6 տոկոս է կազմում, ըստ էության, տոկոսադրույքը, մասհանման տոկոսադրույքը 1 մասհանում ենք անելու, մարման ժամկետը՝ 20 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի, ինչպես նաև կան որոշ կոմիսիոն վճարներ»,- ասաց ֆինանսների նախարարի տեղակալը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print