🎥Թուրքիայի ֆուտբոլային ակումբի նախագահը ծեծել է հանդիպման մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սուպերլիգայի «Անկարագյուջու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և նրան ուղեկցող որոշ անձինք հարձակվել են «Չայկուր Ռիզեսփոր»-ի հետ հանդիպման մրցավար Հալիլ Ումութ Մելերի վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայում «Անկարագյուջուի» մարզադաշտում՝ այն բանից հետո, երբ բարձրագույն լիգայի խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Քոջան վազել է մրցավար Մելերի ուղղությամբ, բռունցքով հարվածել ու տապալել նրան։ Այնուհետև Քոջային ուղեկցողները սկսել են ոտքերով հարվածել գետնին ընկած Մելերին։ Կարճ ժամանակ անց մրցավարը կարողացել է ոտքի կանգնել, հարձակումից հետո նրա ձախ աչքը այտուցված է եղել։

Համացանցում լայնորեն տարածվում են հարձակման տեսանյութերը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մելերը ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Սուպերլիգան անորոշ ժամանակով կասեցվում է։

«Այս ստոր հարձակումը միայն Հալիլ Ումութ Մելերի դեմ չի իրականացվել։ Այս անմարդկային հարձակման պատասխանատուների և հրահրողների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց նրանք արժանի են։ Պատասխանատու ակումբը, ակումբի նախագահը, նրա ղեկավարները և բոլոր հանցագործները, ովքեր հարձակվել են Հալիլ Ումութ Մելերի վրա, կպատժվեն ամենախիստ ձևով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի որոշմամբ՝ բոլոր առաջնություններում հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս դատապարտել է Անկարայում տեղի ունեցած միջադեպը։

«Սպորտ՝ նշանակում է խաղաղություն և եղբայրություն։ Սպորտն անհամատեղելի է բռնության հետ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ թուրքական սպորտում բռնություն տեղի ունենա»,- գրել է նա X-ի իր էջում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print