Գալուզինի խոսքով` Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք իսկապես հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն դա կհիշեն և կհասկանան»,- նշել է նա։
«Մենք միշտ պատրաստ ենք նման աշխատանքի», – հավելել է Գալուզինը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայումս դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում:
Նա հավելել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում։
«Հայաստանում դիտորդական առաքելության հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից։ Համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա հարաբերությունների կարգավորման խթանմանը, որոնց հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ասել է Գալուզինը։