Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի խնդրով

Կովերի այգու ավերմանը տեղի հայերն արձագանքել են խաղաղ ցույցերով՝ հասարակական հավաքներով և նստացույցով։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Այն կոչ է անում Միացյալ Նահանգներին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին իրենց վրա վերցնել հայ համայնքին հողային այս վեճի իրավական պատշաճ ընթացքի երաշխավորումը:

«Հայերն այս աշնանն արդեն կորցրել են մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը, որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը։ Այժմ կանգնած են պատմական Հայկական թաղամասի զգալի մասը կորցնելու վտանգի առաջ: Հայ ժողովուրդը չի կարող կորցնել մեկ ուրիշ տարածք ևս»,- նշված է ինստիտուտի հայտարարության մեջ։

«Հայկական թաղամասը կազմում է Երուսաղեմ քաղաքի մոտ մեկ վեցերորդ մասը։ Այն 1600 տարեկան է, թվագրվում է հռոմեական Կոստանտինոս կայսրի իշխանության տարիներից։ Երուսաղեմում հայերի առաջին բնակեցումը եղել է Կոնստանտինոսից առաջ, ընդ որում հայերը Երուսաղեմում հաստատվել են մ.թ.ա. առաջին դարում, երբ Հայկական կայսրությունը վերահսկում էր Սիրիայի մոտակա տարածքները: Չնայած Երուսաղեմի հայ բնակչությունն այսօր շատ փոքրաթիվ է, Հայկական թաղամասը մնում է հայկական ներկայության կարևոր մասը՝ որպես գործող ամենահին սփյուռքի: Թաղամասում գործում է Հայ Առաքելական Եկեղեցու թեմը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր ստորագրել 98 տարով ավստրալացի կառուցապատող Դենի Ռուբենշտեյնին հողատարածքը (կոչվում է «Կովերի այգի») վարձակալության տալու համար։ Ռուբենշտեյնը նախատեսում էր տեղում շքեղ հյուրանոց կառուցել։ Գործարքը ցնցել է տեղի համայնքին, հայկական համայն սփյուռքին և Պաղեստինի իշխանություններին, որոնց կարծիքով գործարքը ոտնձգություն է իրենց ինքնիշխանության դեմ:

Ի պատասխան այս հակազդեցության՝ Պատրիարքարանն այս տարվա նոյեմբերին 1-ին հայտարարել է, որ չեղարկում է գործարքը։ Դենի Ռուբենշտեյնի ընկերությունը՝ XANA-ն, մերժել է Պատրիարքարանի չեղարկումը։ Այն բուլդոզերներ է բերել տարածք և սկսել շինարարությունը «Կովերի այգու» տարածքում:

Կովերի այգու ավերմանը տեղի հայերն արձագանքել են խաղաղ ցույցերով՝ հասարակական հավաքներով և նստացույցով։ Իսրայելի ոստիկանությունը և քաղաքացիական անձինք բողոքի ակցիաները դիմավորել են բռնությամբ՝ օգտագործելով շներ և հրազեն՝ խաղաղ ցուցարարներին վախեցնելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print