ՇՄ նախարարությունն ու «Լիդիան»-ը Ամուլսարի տարածքում նոր ՇՄԱԳ-ի կարիք չեն տեսնում։
ՇՄ նախարարությունը հոկտեմբերի 25-ին արդեն իսկ պատասխանել է Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը՝ նշելով, որ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի տեսնում։ Միջազգային կառույցի հորդորներն անհիմն են՝ ի պատասխան Բեռնի կոնվենցիայի քարտուղարության՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում են նախարարության ներկայացուցիչը և հանքը շահագործող ընկերության բնապահպանական բաժնի ղեկավար Արթուր Պեպանյանը․
«Ամուլսարում 2005 թվականից կատարվում են աշխատանքներ և այդ ընթացքում կատարվել են և կենսաբազմազանության ասպեկտներով, և այլ ասպեկտներով ուսումնասիրություններ։ Բոլոր հաշվետվությունները կան, այդ հաշվետվությունները տրամադված են ՇՄՆ-ին, աննախադեպ քանակի ստուգումներ ենք անցել և դրանից հետո հասկացել,որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չկա։ Լիդիան արմենիա ընկերությունը չի էլ պատրաստվում նոր ՇՄԱԳ անել, մենք ունենք գործող ՇՄԱԳ, բոլոր ռիսկերը էդ ամեն ինչը հաշվի առնված է, 2016 թվականին մենք ստացել ենք մեր դրական եզրակացությունը, և ունենք բոլոր թույլտվությունները մեր աշխատանքներն իրականացնելու համար, չի դիտարկվում նոր ՇՄԱԳ իրականացնելու այս փուլում»։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ստրասբուրգում կայացած Բեռնի կոնվենցիայի կոմիտեի 43-րդ նիստի ընթացքում քննարկվել է նաև Ամուլսարի հանքավայրի խնդիրը։ Փաստաթղթի առանձին դրույթները հրապարակել էր «Հայկական բնապահպանական ճակատ» քաղացիական նախաձեռնությունը։ Ըստ դրանց՝ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը դիմում է ՀՀ կառավարությանը՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերանայման և նոր ՇՄԱԳ իրականացնելու պահանջով։ Նախարարության ներկայացուցիչ և Բեռնի կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Ցյուրքերը մանրամասնում է՝ տարածված հայտարարությունը հրապարակելիս Կոնվենցիան արդեն տեղյակ էր ՀՀ կառավարության դիրքրոշմանը։ Բայց քանի որ Կոնվենցիան հիմք է ընդունում ոչ միայն պետության, այլև առանձին բողոքատուների պահանջները, կոմիտեի նիստում այնուամենայնիվ Ամուլսարին անդրադարձ եղել է․
Կոնվենցիան հիմք է ընդունում պետության և բողոքատուի կողմից հնչեցրած կարծիքները և շատ խորը ուսումնասիրություններ չի իրականացնում, պարզելու համար բողոքի և պատասխանի ճշգրիտ լինելը, և քանի որ եղել է բողոք այս մասով և բողոքը և բողոքատուն ներկայացրել է, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, հաշվի առնելով բողոքատուի պահանջը, կոնվենցիան հոևդորել է նոր շմագի անցկացում։ Բողոքը ներկայացված է եղել հայկական 3 կազմակերպության կողմից»։
Կառույցի այն դիտարկմանը, թե Ամուլսարի տարածքը պետք է ընդգրկվի «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում և ենթակա լինի կոնվենցիայի հատուկ պաշտպանությանը, «Լիդիան»-ի բնապահպանական բաժնի ղեկավար Պեպանյանը համաձայն չէ։
«Նախնական տարբերակով ՀՀ տարախքի 34․7 տոկոսը ընկնում էր Էմերալդ տարածքների թեկնածու տարածքների մեջ և դեռ այս տարվա փետրվարին ՇՄ նախարարությունը ասել էր, որ այդ տարածքները օպտիմիզացիայի կարիք ունեն և այս փուլում կատարվում է օպտիմիզացիա, ես կհամաձայնեմ դրա հետ, որովհետև մեր պես փոքր երկրի համար 34․7 տոկոսը շատ մեծ ա, որտեղ որ չես էլ կարող տնտեսական որևէ գործունաեթյուն կատարել, մեր բոլոր ուսումնասիրություններն ու հաշվետվությունները ցույց են տալիս, որ Ամուլսարն ինքն իրենով այդքան մեծ հետաքրքրություն չի էլ առաջացնում կենսաբազմազանության առումով, որ մտնի էմերալդ ցանցի տարածքների մեջ»,- ասում է Պեպանյանը։
Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ գործող ՇՄԱԳ-ն անցել է օրենքով նախատեսված բոլոր փուլերով, 2019-ին լիբանանյան ELARD ընկերության փորձագետների խումբը նորից է ուսումնասիրել հանքավայրի հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները և էկոլոգիական հնարավոր վնասի մասին արձանագրում չի արել։
Ամուլսարի շահագործման թույլտվությունն անցել է մի քանի շրջափուլերով և ուղեկցվել բնապահպանների, ակտիվիստների ու տեղի բնակիչների բողոքի ակցիաներով։ Վերջնական շահագործման մասին փետրվարին հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռման հուշագիր էին ստորագրել, կառավարությունը ստացել էր ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ «Լիդիան» ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք էր ստացել 2012-ին, հանքի շահագործումը սկսել 2016-ի օգոստոսին։
Լիդիան Արմենիայի ներկայացուցիչն ասաց, որ ներկայում հանքի շահագործման ներքին աշխատանքներ ընթանում են, բայց տարընթերցումներից խուսափելու համար՝ ոսկու արդյունահանումը սկսելու որևէ ժամկետ չնշեց։
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, չնայած միակ կազմակերպությունն էր, որը կարևորել էր Բեռնի կանվենցիայի՝ Ամուլսարին վերաբերող դրույթները, հրաժարվեց մեկնաբանել իր իսկ տարածած բովանդակությունը։