Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու բանաձևին

Միաժամանակ, բանաձևը շեշտում է՝ ԵՄ-ին անդամակցության արագացված ընթացակարգեր չպետք է ներդրվեն:

Դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ ընդլայնման հարցով գագաթնաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու և կազմակերպությանն Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները մեկնարկելու կոչով բանաձևին: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ողջունում են Եվրամիությանը մոտենալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։

Միաժամանակ, բանաձևը շեշտում է՝ ԵՄ-ին անդամակցության արագացված ընթացակարգեր չպետք է ներդրվեն: Հավանական թեկնածու երկրները պետք է հավատարիմ լինեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի սկզբունքներին, տնտեսական բարեփոխումներին:

Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնում, որ Հունգարիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի եվրաինտեգրման մասին բանակցությունների մեկնարկին: Ըստ բանաձևի՝ Վիկտոր Օրբանի հայտարարությունները խոչընդոտում են ԵՄ ընդլայնման գործընթացը:

Օրբանն էլ, ելույթ ունենալով Հունգարիայի խորհրդարանում, հայտարարել է՝ Եվրամիությանը Կիևի անդամակցությունը չի բխում Հունգարիայի և Միության շահերից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print