Երասխի մետալուրգիական գործարանը կկառուցվի այլ վայրում

Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։

Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։

«ՀՀ կառավարությունից ակնկալվում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8,9 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայնքում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։ Խոսք անգամ չկա, սակայն, որ գործարանը տեղափոխվում է անվտանգային նկատառումներից ելնելով։

Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։ Կառուցման առաջին իսկ օրից ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հիմնավորելով, որ գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անգամ քննադատել Հայաստանին՝ կոչ անելով «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։ Հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, հունիսի 14-ին կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print