Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը տեղեկություն են ստացել, որ ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: