Նշվում է, որ հայկական գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 24-ը:
Ստրասբուրգի Սենտ Թոմաս հրապարակում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման պատվավոր հյուրերն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
«Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի նմուշներին, հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշ-հուշանվերներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել Arloopa հավելվածի միջոցով դիտելու հայկական ոչ նյութական մշակութային արժեքների ստեղծման պատմությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ՝ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Նշվում է, որ հայկական գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 24-ը: