«Ես չեմ փոխել հեռախոսահամարս». Մակրոնը` Պուտինի հետ շփման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի Վլադիմիր Պուտինի զանգին, եթե Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում խաղաղության հաստատման «լուրջ առաջարկներ» ունենա: Այդ մասին BFMTV-ի և Le Figaro-ի փոխանցմամբ նախագահ Մակրոնն ասել է Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ փոխել իմ հեռախոսահամարը»,- ասել է Մակրոնը։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Մակրոնը դադարել է շփվել իր հետ: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ինքը չէ, որ պատերազմ է սկսել՝ «խախտելով պայմանավորվածությունները», և Ֆրանսիան չէ, որ «ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, ինչը գրեթե անհնար է դարձնում երկխոսությունը»:

«Եթե նախագահ Պուտինը երկխոսության ցանկություն և առաջ շարժվելու, հակամարտությունից դուրս գալու և կայուն խաղաղություն կառուցելու համար լուրջ առաջարկներ ունի, այսինքն՝ հարգելով միջազգային իրավունքը և, հետևաբար, Ուկրաինայի շահերն ու ինքնիշխանությունը, ես կընդունեմ զանգը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է շփումներ ունենալ Մակրոնի հետ, սակայն Ֆրանսիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները դադարեցվել էին Փարիզի նախաձեռնությամբ: Պուտինի խոսքով՝ ինքը «չի խուսափում այդ շփումներից»: «Մենք բավականին լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Ես, ինչպես գիտեք, եղել եմ Ֆրանսիայում, պարոն Մակրոնը եկել է Ռուսաստան։ <…> Բայց ինչ-որ պահից Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց մեզ հետ հարաբերությունները։ Մենք չենք դադարեցրել, ես չեմ դադարեցրել: Դա նա դադարեցրեց: Եթե հետաքրքրություն կա, խնդրեմ, մենք պատրաստ ենք»,- ասել էր Պուտինը։

Մակրոնը համաշխարհային գլխավոր առաջնորդներից մեկն է, ով Ուկրաինայի պատերազմից առաջ և դրա մեկնարկից հետո փորձել էր բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print