Ժամանակավորապես ներմուծված մեքենաները կմաքսազերծվեն նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում. ՊԵԿ

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․

          1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,

          2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,

          3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

          Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

          Ընդ որում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում․

          1) «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ,   ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95

          2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ,  ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43 

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք­սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print