Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար:

Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին:

Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը: Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը:

Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

ՀԳ. Ըստ մասնագետների` լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print