Անպտղության հաղթահարման ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։
Անպտղության հաղթահարման ծրագրի տարիքային շեմը կբարձրացվի, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերարտադրողական առողջության թեմային։
«Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»,- հարցրել է Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով․ «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- ասել է նա:
Անպտղության հաղթահարման ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։ Ծրագրի մեկնարկից՝ 2019-ի սեպտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:
2023-ի նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդհանուր ծնունդների թիվն ավելացել է 336-ով՝ կազմելով 32 926։