ԼՂ–ից տեղահանվածները 50 000 դրամ աջակցության կստանան մինչև 2024-ի հունվարի վերջ. Ժամկոչյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։

Առաջիկայում ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և կառավարության նիստով կամրագրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։

«Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասաց Ժամկոչյանը:

Նա նաև հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։

«Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները»,–ասաց նա։

Փոխնախարարի խոսքով` հաջորդ ամսվա դիմումների հետ կդիտարկեն նախորդ ամսվա բացակա օրերի քանակը բոլոր այն դեպքերի համար, երբ մարդիկ բացակայել են երկրից և չեն դիմել իրենց։

«Եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»,–ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print