Բողոքի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
Արարատյան արտեզյան ավազանի ձկնաբույծները կրկին դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք պնդում են, որ չեղարկվի ջրի փակ շրջանառության անցնելու մասին օրենքը, որը վերջերս է ընդունվել կառավարության կողմից։
«Ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի տեղադրման հետ կապված քննարկումները ՇՄ նախարարության հետ մտել են փակուղի։ Դրանք ավելի շատ կրում են ձևական բնույթ»,- ասում են ձկնաբույծները։
Ըստ նրանց՝ պետք է փակել տիրազուրկ և ապօրինի հորերը։ Եթե սրանից հետո էլ կշարունակվեն կորուստները, կդիտարկեն նաև իրենցը փակելու տարբերակը։
Բողոքի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ՝ նշելով, որ դեկտեմբերի 18-ին ՇՄ նախարարի հետ հանդիպումը արդյունք չի տվել։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է այն օգտագործեն փակ համակարգով։ Այսինքն, վերցված ջուրը նորից ֆիլտրերի միջոցով պետք օգտագործվի՝ ահռելի կորուստներից խուսափելու համար։