Կարմիր խաչից արձագանքում են Վիգեն Էուլջեքյանի ընտանիքի անունից բաց նամակին

Էուլջեքյանի ընտանիքը խնդրում է տեղեկություն տալ նրա առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին։

Իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը և թուրք լրագրող Ուզայ Բուլութը 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունից բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին, մասնավորապես, հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն։

Նրանք ներկայացնելով Վիգեն Էուլջեքյանի գերեվարվելուց առաջ և հետո բոլոր մանրամասները՝ նշում են, որ երբ գերեվարվածներին ազատ արձակելու ցուցակում հայտնվում է նաև Էուլջեքյանի անունը՝ նրա ընտանիքը մեծ ուրախությամբ և ակնկալիքներով է պատրաստվում Վիգենի ժամանմանը և խորը հիասթափություն է ապրում, երբ վերջին պահին Վիգենի փոխարեն մեկ այլ բանտարկյալ է ազատ արձակվում։

«Վերջին րոպեին փոխարինումը կարող է պայմանավորված լինել Վիգենի առողջական վատ վիճակով և ծանր հոգեկան և էմոցիոնալ ճնշումներով: Էլ չենք ասում, որ նա ապրում էր բանտային անտանելի պայմաններում։ Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը՝ գտնելու անհրաժեշտ միջոցներ՝ հաստատելու Վիգենի առողջությունն ու բարեկեցությունը… Հայցում ենք ձեր բարեհամբույր միջամտությունը՝ Վիգենի ընտանիքի անունից հրատապ տեղեկատվություն ստանալու համար Վիգեն Էուլջեքջյանի գտնվելու վայրի և նրա առողջական վիճակի մասին, որպեսզի նրա ընտանիքը հույս և խաղաղություն ունենա»,- նշվում է նամակում:

Զառա Ամատունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ սոցցանցերից տեղյակ է իրեն ուղղված բաց նամակին։ «Ես խոսնակ եմ և ոչ թե կազմակերպության ղեկավար, բայց, անկախ ամեն ինչից, ես չեմ կարող ասել, որ ստացել եմ նամակն առձեռն, որովհետև ես տեսել եմ դա սոցցանցերում, փոխանցել եմ համապատասխան բաժնի աշխատակիցներին, որոնք անմիջապես զբաղվում են ձերբակալված անձանց հարցերով։ Դա կարող եմ միայն փաստել, այլ մեկնաբանություն անել չեմ կարող», – ասաց նա։

Հարցին, թե որքանո՞վ է հիմնավոր նամակում տեղ գտած անհանգստությունը, որ Վիգենն առողջապես վատ է և դրանով է պայմանավորված իրեն չփոխանցելու հանագամանքը՝ Զառա Ամատունին պատասխանեց, որ ԿԽՄԿ-ն ընդգրկված չէ նման բանակցային գործընթացներում, թե ում փոխանցեն և ում՝ ոչ, դա կայացնում են համապատասխան իշխանությունները։

«Սակայն, ի թիվս այլ ձերբակալված հայերի, իրեն էլ մենք շարունակաբար տեսակցել ենք և շարունակում ենք տեսակցել, ցանկացած նկատառում, որ մենք ունենք այս անձի և մնացած անձանց առողջական վիճակի հետ կապված, մենք, բնականաբար, քննարկում ենք համապատասխան իշխանությունների հետ և զուգահեռ ընտանիքի հետ մշտապես կապի մեջ ենք։ Ես չեմ կարող հիմա հանրային կերպով պատասխանել այդ նամակին, բայց, իհարկե, մենք կապի մեջ ենք և շարունակաբար կապ կունենանք այս անձի ընտանիքի հետ և մնացած անձանց ընտանիքների հետ։ Մենք հանրային հարթակներում չենք շփվում ընտանիքների հետ, որովեհտև ունենք այդ անմիջական կապը», – ասաց նա։

Եթե տեղեկություն ունենան, որ Վիգենի առողջական վիճակը ծանր է, արդյո՞ք անմիջապես այդ մասին տեղյակ կպահեն նրա ընտանիքին՝ Զառա Ամատունին պատասխանեց. «Բնականաբար, մենք իրենց հետ խոսում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրենց հարազատին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print