Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում:
«Մեծարգո պարոն Մոհամմադ Հասան Շեյխօլէսլամի,
Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի,
Ձերդ Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։
Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հղել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Շաբ-Է-Յալդայի տոնի կապակցությամբ։ Նախօրեին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված մշակութային ծրագիրը մեզ հերթական հնարավորությունն ընձեռեց ծանոթանալու Իրանի հարուստ մշակութային ժառանգությանը:
Հայաստանն ու Իրանը կիսում են խոր արմատներ ունեցող ավանդույթներ և մշակութային կապեր: Դրա լավագույն օրինակներից է Ջրի տոնը, որը պարսկերենում հայտնի է Տիրգան, իսկ հայերենում՝ Վարդավառ անունով: Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը։
Գտնվելով Բեհիսթունյան արձանագրության հայրենիքում՝ մենք վերհիշում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել Իրանը տարածաշրջանի հնագույն ժողովուրդների պատմությունում։ Ավելի քան երկուսուկես հազարամյակ առաջ Դարեհ Մեծի հրամանով փորագրված այս եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն արձանագրությունն Իրանի ժողովրդի հնագույն պատմության և մշակույթի կենդանի վկայությունն է: Այն նաև լեզվական և պատմական կամուրջ է, որը թույլ է տալիս ծանոթանալ տարածաշրջանի բազմազան մշակութային խճանկարին: Հատկանշական է, որ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է հենց այս պատմական փաստաթղթում. ընդ որում, բաբելոներեն հատվածում մեր երկիրը հիշատակվել է որպես Ուրարտու՝ դրանով իսկ ընդգծելով Ուրարտու/Հայաստանի անխզելի գիծն ու ավանդույթը։ Գտնվելով այս հնագույն երկրում՝ եկեք մտորենք այս արձանագրության մնայուն ազդեցության մասին, որը մեծարում է համատեղ ժառանգությունը և կապում մեզ մոտ ու հեռավոր ժողովուրդների հետ։
Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։
Որպես քրիստոնեական ավանդույթ ունեցող և Իրանի հետ սահմանակից երկիր՝ Հայաստանը հպարտությամբ է շեշտում հայ-իրանական ավանդական և շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները՝ որպես փոխադարձ հարգանքի և միջմշակութային երկխոսության օրինակ՝ խարսխված հազարամյա ժառանգության պաշտպանության վրա:
Պարոն նախագահ,
Հայաստանը բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության առանցքային հարթակ, որը կարող է դիմակայել գլոբալացվող աշխարհում ծառացած մարտահրավերներին: Մենք հանձնառու ենք աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին, որոնք ուղղված են միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը: Այս հարթակը նաև կարևոր հնարավորություն է ընձեռում վերանայելու պատմամշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը, ինչպես նաև վեր հանելու այդ հարցում առկա բացթողումները:
Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:
Աշխարհի տարբեր անկյուններում առկա զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։
2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:
Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Առկա է չօգտագործված ներուժ մեր հնագույն քաղաքակրթությունների՝ որպես մարդկության մշակութային ժառանգության միասնական հարստության հանրահռչակման ուղղությամբ։ Հայաստանը պատրաստակամ է ֆորումի անդամների հետ իրականացնել համատեղ նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ում և այլ բազմակողմ հարթակներում։
Պարոն նախագահ,
Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։
Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:
Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։
Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու մեր համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում։
Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասել է Գևորգյանը։