Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետազոտական նախագիծ է իրականացնում

Նախագծի նպատակն է պաշտպանել երեխաներին առցանց բռնությունից և սեռական շահագործումից։

Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի 13 երկրում երեխաների մինչև 20%-ը ենթարկվում է առցանց բռնության և սեռական շահագործման։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների հետ հետազոտական նախագիծ ենք իրականացնում՝ հասկանալու, թե Հայաստանում երեխաների համար ինչ առցանց վտանգներ կան, և թե ինչպես կարող ենք նրանց ավելի արդյունավետ պաշտպանել դրանցից:

«Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային կազմակերպություններին` ԷՍՊԱԹ Ինթերնեշնլին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնին:

Առցանց լինելը հաճախ դրական փորձառություն է երեխաների համար՝ տալով սովորելու և շփվելու հնարավորություններ։ Բայց մեծ է նաև բացասական փորձառության, այդ թվում՝ երեխաների՝ սեռական ոտնձգության և բռնության ենթարկվելու վտանգը։

«Disrupting Harm»-ը բազմոլորտային մոտեցմամբ է իրականացվում՝ օգտագործելով միջազգային գործընկերների և տեղական համագործակիցների փորձը՝ վտանգների դաշտի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար: Մեթոդաբանությունը ներառում է գրասենյակային հետազոտություն՝ առկա օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ,  ազգային ներկայացուցչական հարցումներ երեխաների և խնամակալների հետ, տվյալներ իրավապահ մարմիններից, հարցազրույցներ արդարադատության ոլորտի մասնագետների հետ և հարցումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում առցանց, արտացոլում է այն իրողությունները, որոնց բախվում են երեխաներն ամեն օր՝ տանը, դպրոցում և իրենց համայնքներում: Այս նախաձեռնության միջոցով մենք վկայություններ ենք հավաքում երեխայի թվային իրավունքների, հնարավորությունների և ռիսկերի մասին՝ ավելի լավ հասկանալու, թե թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես է ազդում նրանց կյանքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումներով», -նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Երեխայի նկատմամբ կատարված ցանկացած բռնարարք կարող է հոգեբանական և այլ ծանր հետևանքներ ունենալ նրա կյանքում, ուստի այդ հիմնախնդիրն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում պետք է մեկտեղել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ջանքերը: Անչափահասների նկատմամբ ցանկացած ոտնձգություն Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է, և նման դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Միաժամանակ, ՆԳ նախարարությունը պատրաստակամ է և սերտորեն համագործակցում է հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների հետ: Սերտորեն համագործակցում ենք նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և վերահաստատում ենք շարունակելու մեր համագործակցությունը՝ դրական արդյունքների հասնելու համար»,-նշում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հայաստանում տվյալների հավաքումը կսկսվի 2024 թվականին, և ակնկալվում է, որ առաջին արդյունքները հասանելի կլինեն 2025 թվականին՝ առաջարկելով համապատասխան ճանապարհային քարտեզներ բոլոր մասնակից երկրների համար՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Լուծումները հիմնավորելով վերջին տվյալներով և ապացույցներով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրված է աշխատել գործընկերների հետ՝ լիովին ուսումնասիրելու բոլոր ռիսկերը և միջոցներ ձեռնարկելու դրանք նվազագույնի հասցնելու համար՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print