Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը, բայց հասկանում է խաղաղության պայմանագրի կարևորությունը․ Պեսկով

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հնարավորինս արագ կնքեն այս համաձայնագիրը»:

Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու հարցում։

Այս մասին «Իզվեստիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վերջերս երկու կողմերն էլ մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնելու աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը, բայց հասկանում է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հնարավորինս արագ կնքեն այս համաձայնագիրը»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով՝ դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է Մոսկվայի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print