Մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները։
«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Դեկտեմբերի 26-ին մարզպետի աշխատակազմի ներկայությամբ մրցանակը մարզի ղեկավարին հանձնել է «Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Նա նշել է, որ մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները, այն է՝ հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունն ու հատկապես ԼՂ-ից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու իրեն մրցանակի արժանացնելու համար, որը նաև պարտավորեցնող է ու պատասխանատվություն հետագա աշխատանքի համար։
Շնորհավորանքի խոսքեր են հնչեցրել մարզպետի աշխատակազմի անդամներից ևս։