Politico-ն հրապարակել է 2023թ. վատթարագույն քաղաքական և հասարակական գործիչների ցանկը

Հակամրցանակի է արժանացել նաև Բորելը։ Politico-ն նրան արժանացրել է «Բորատի դիվանագիտության» մրցանակին։

Politico-ն հրապարակել է 2023 թվականի վատթարագույն քաղաքական և հասարակական գործիչների ցանկը․ Politico’s Backhanded Awards-ը երգիծական հակավարկանիշ է, որը պարբերականը կազմում է ամեն տարի: Այդ վարկանիշային ցանկում Politico-ն «լավագույն» տիտղոսը շնորհել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ «գերմանացի, ով փորձում է ներկայանալ որպես Եվրոպայի նախագահ»:

Պարբերականի բնորոշմամբ՝ ֆոն դեր Լայենն իր քաղաքական ջանքերում հետևողականորեն «բախվում է աղյուսե պատին», քանի որ ի վիճակի չէ հաղթահարել ԵՄ անդամ երկրների քաղաքական գործիչների, Եվրամիության պաշտոնյաների, ինչպես օրինակ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հակազդեցությունը։

Հակամրցանակի է արժանացել նաև ինքը՝ Բորելը։ Politico-ն նրան արժանացրել է «Բորատի դիվանագիտության» մրցանակին։

Համեմատելով իսպանացի դիվանագետին «Բորատ» ֆիլմի գլխավոր հերոսի հետ՝ թերթը նշում է, որ Բորելի հայտարարությունները հաճախ են ստիպում նրան ընկալել որպես զավեշտալի կերպար․ օրինակ՝ Եվրոպայի թիվ մեկ դիվանագետը գովեստով էր խոսում Էկվադորի նախագահական ընտրությունների մասին, այն դեպքում, երբ սպանվել էր նախագահի թեկնածուներից մեկը։

Բորելը նաև խոստանում էր կործանիչներ ուղարկել Կիև, դրանք մինչ օրս չեն մատակարարվել։

«Քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը աստիճանաբար ավարտվում է, Բորելը կարծեք թե ձգտում է եվրոպացիներին ամեն օր հիշեցնել իր դիվանագիտական անհեթեթության մասին», – գրում է Politico-ն:

«Ռուսի լավագույն դերի համար՝ ռուսի կատարմամբ» մրցանակը Politico-ն շնորհել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Թերթը նշում է, որ Ռուսաստանի նախագահը չնայած իր հակաարևմտյան հայտարարություններին, դեռևս կապեր է փնտրում է Եվրոպայում՝ օգտագործելով ԵՄ-ում իր «բարեկամներին», ինչպիսիք են Հունգարիան, Ավստրիան և Բուլղարիան։

«Երբ քեզ թվում է, թե նրան վտարել ես գլխավոր մուտքից (Գերմանիա), նա արդեն մտնում է ետնամուտքից ( Բուլղարիա): Իհարկե, պատժամիջոցները մեծ անախորժություն է, բայց եվրոպացի բարեկամների օգնությամբ նրա տնտեսությունը բուռն զարգանում է, Պուտինի խոսքերով, 2023 թվականին աճի տեմպը կազմում է 3 տոկոս», – գրում է պարբերականը։

«Ուրիշների կյանքը» լրտեսական հատուկ մրցանակի դափնեկիրը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է։ Հունական հատուկ ծառայությունների կողմից երկրի ընդդիմադիրներին և լրագրողներին գաղտնալսել»ւ պատմությունը աննախադեպ սկանդալ էր հարուցել, սակայն դրանից հետո Միցոտակիսին այդուհանդերձ հաջողվել է հաղթել մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում և պահպանել վարչապետի աթոռը։

Politico-ն մրցանակի է արժանացրել նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ «ֆաշիստի դերում լավագույն հոբիթը»։ Ըստ թերթի, թեև Մելոնին, ինչպես և բնորոշ է աջ ծայրահեղականներին, պատանեկության տարիներին տարված էր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործություններով, այդուհանդերձ նա այնքան էլ «նեոֆաշիստ» չէ, ինչպես նրան բնութագրում էին վերլուծաբանները։

Պարբերականի գնահատմամբ՝ Իտալիայի գործող վարչապետը վարում է համաեվրոպական ձգտումներին համապատասխան քաղաքականություն ։ «Թեև դժկամորեն, բայց նա պահպանել է Իտալիայի պարտավորությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հանդեպ և նույնիսկ, թեկուզ դժկամորեն, շարունակել է աջակցել Ուկրաինային», – արձանագրում է Politicon:

«Ինչպե՞ս ես համարձակվում»․ հայտնի խոսքերի անվան մրցանակը շնորհվում է դրանց հեղինակին՝ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին՝ իր շարունակական անզիջում ելույթների համար։ Թերթը նկատում է, որ Թունբերգը շարունակում է պայքարը բայց արդեն այլ ուղղությամբ՝ այս անգամ Իսրայելի դեմ, որը պատերազմ է մղում Գազայի հատվածում։

Politico-ն ընդգծում է, որ միաժամանակ հայտնի բնապահպանը չի դատապարտել Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի՝ հոկտեմբերի 7- ի դաժան հարձակումը, ինչից հետո նրանից երես են թեքել նրա երբեմնի աջակիցները ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print