Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը։
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի սահմանների սահմանազատման հարցից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ զեկուցելով Ադրբեջանի ԱԳՆ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին։
«Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը։ Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,- ասել է Բայրամովը։ Նախարարն ասել է, որ նույնիսկ այն երկրների միջև, որոնք չունեն լուրջ տարածքային հակամարտություն, սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել:
Խոսելով այն գյուղերի մասին, որոնք Բաքուն պահանջում է Երևանից, Բայրամովն ասաց. «Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այս գյուղերում»։