Ավելի քան 88 միլիոն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն

Տղամարդը սկզբում կալանավորվել է, ապա խափանման միջոց է ընտրվել կալանքն ու գրավը։

Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝  ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։

2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է  Երևանի 36-ամյա բնակիչը։

Մասնավորապես, վերջինս լինելով մասնագիտությամբ ծրագրավորող,  2023 թվականի մարտի 19-ին համակարգչային համակարգի նկատմամբ ապօրինի եղանակով, ներգործելու միջոցով հասանելիություն է  ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, դրանում առկա 88.303.352 ՀՀ դրամին համարժեք 129 «էթերիում»  տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։

Այնուհետև, կանխիկացման նպատակով 2023 թվականի մարտի 19-ին և հունիսի 25-ին հափշտակված 129 էթերիում տեսակի կրիպտոարժույթից տղամարդը համապատասխանաբար 9 և 20 էթերիում փոխանցել է ամերիկյան ընկերությանը պատկանող իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին։ Ապա նշված ընդհանուր 29 էթերիումի մի մասը փոխակերպել է դաշ (DASH), մյուս մասը՝ ռիփլ (XRP) տեսակի կրիպտոարժույթներով ու հաշվից ելքագրել։

Փոխակերպված ռիփլ տեսակի կրիպտոարժույթը թվով 3 փոխանցմամբ նախ փոխանցել է «Բինանս» ընկերության իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին, այնտեղից էլ տարբեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաշվեհարամների։

Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով՝  2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամ գրավով։

Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը։ 

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Վերոնշյալը կրիպտորաժույթի հափշտակության՝ դատարան ուղարկվող առաջին քրեական վարույթն է։  

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print