Ընթացիկ տարվա պլանով նախատեսված էր 50 000 մ² տարածք մաքրել պայթյունավտանգ զինամթերքից։
Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։ Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները։
«2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում դեռևս առկա է ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածք` 42 165 966 մ² մակերեսով»,- նշված է հաղորդագրության մեջ։
2023-ի ընթացքում Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում ընդհանուր ավելի քան 230 հազար քառակուսի մետր տարածք է մաքրվել պայթյունավտանգ զինամթերքից։ Մաքրման աշխատանքներ են իրականացվել Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում։ Նշվում է, որ ընթացիկ տարվա պլանով նախատեսված էր 50 000 մ² տարածք մաքրել պայթյունավտանգ զինամթերքից։
Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ։ Դրանք փաստում են, որ տարածքներն անվտանգ են։ Հանձնվել են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։