Թբիլիսին ընդգրկվել է Ամանորը դիմավորելու լավագույն վայրերի հնգյակում

Թբիլիսիի հինգաստղանի հյուրանոցում կարելի է մնալ նույն գնով, ինչ Բեռլինի երեքաստղանի հյուրանոցում։

Թբիլիսին զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականն Ամանորը դիմավորելու՝ Եվրոպայի լավագույն վայրերի տասնյակում՝ առաջ անցնելով Պրահայից և Իսպանիայի Իբիցա կղզուց` ըստ հեղինակավոր Forbes հրատարակության։ Այդ մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Հոդվածի վրա աշխատելիս հարցման են ենթարկվել 11 963 ճանապարհորդներ 112 երկրներից։

«Թբիլիսին, կարելի է ասել, իր գներով, ամենաօրիգինալ ընտրությունն է Ամանորը նշելու համար: Թբիլիսին հինգ անգամ ավելի էժան է, քան Լոնդոնը և Փարիզը: Թբիլիսիի հինգաստղանի հյուրանոցում կարելի է մնալ նույն գնով, ինչ Բեռլինի երեքաստղանի հյուրանոցում», – նշում է հեղինակը։

Բացի այդ, նշվել է Վրաստանի մայրաքաղաքի անվտանգությունը։

«Թբիլիսիում շատ ցածր է հանցագործության մակարդակը, ինչպես նաև հեշտ է գալը բրիտանացի և ամերիկացի զբոսաշրջիկների համար (վիզա չի պահանջվում)», – ասվում է հոդվածում։

Հեղինակի կարծիքով՝ այս վայրը հարմար է նաև ուտելիքի, գինու և ամանորյա դեկորատիվ լուսավորության սիրահարների համար։

Առաջին տեղն զբաղեցնում է Պորտուգալիայի Մադեյրա կղզին, երկրորդն` Իսպանիայի Մարբելյա քաղաքը, երրորդը՝ Լոնդոնը, չորրորդը՝ Լիսաբոնը։ Ցանկում Թբիլիսիին հաջորդում են Պրահան և Իբիցան՝ զբաղեցնելով համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Սան Միգելը՝ Պորտուգալիայի Ազորյան արշիպելագի ամենամեծ կղզին, Էդինբուրգը և Պորտուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print