Ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը կեղծ տեղեկատվություն է տարածում․ ՀԵՏՔ

Ֆիլմում ցուցադրվում են շատ տեսարաններ՝ նկարահանված Երևանում և Սիսիանում, որոնց հեղինակները դեռևս հայտնի չեն։

Հունվարի 2-ին ադրբեջանական CBC հեռուստաընկերության YouTube ալիքում տեղադրվեց․ «Երևանի պատմության վերացումը․ մաս երկրորդ» խորագրով վավերագրական ֆիլմ, որում ներկայացվում են կեղծ տեղեկություններ Երևանի պատմության վերաբերյալ։ Ֆիլմում ցուցադրվում են Երևանում իրականացված նկարահանումների կադրեր, որոնք, ադրբեջանական ալիքի պնդմամբ, իրականացրել են իրենց թղթակիցները։

«Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, ով ևս ներկայացված է ֆիլմում, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ինքը որևէ ադրբեջանական նկարահանող խմբի հարցազրույց չի տվել, իրեն դիմել է վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը՝ ամերիկյան նախագծի շրջանակներում Ուրարտուի վերաբերյալ ֆիլմի ստեղծման նպատակով։ Սեդա Գրիգորյանը ևս հանրային հրապարակումներով տեղեկացրեց, որ իր հետ կապ հաստատած պրոդյուսերը ներկայացրել էր միջազգային նախագիծ՝ հնագույն քաղաքակրթությունների վերաբերյալ, որի մի մասը նվիրված է լինելու Ուրարտուի թագավորությանը։ Այն, որ նկարահանված հարցազրույցից մի հատված ցուցադրվել է ադրբեջանական հեռուստաընկերության ֆիլմում, անակնկալ է եղել հայ ռեժիսորի համար։ Գրիգորյանը նշում է, որ իր հետ պայմանագիր էր կնքել ամերիկյան “No Frontiers Production” LLC կազմակերպությունը, որը Հետքի թիմը չկարողացավ գտնել ամերիկյան գրանցում ունեցող կազմակերպությունների ռեգիստրում։ Նախնական վարկածով՝ ադրբեջանական կողմը, հավանաբար, խաբեությամբ վիդեո նյութեր է կորզել երևանաբանակ ռեժիսորից, ով, փաստորեն, միակը չէ, որ ներքաշված է եղել այդ մեխանիզմի մեջ։ СBC-ի ֆիլմում, մինչդեռ, որևէ խոսք չկա Ուրարտուի վերաբերյալ, այն շոշափում է Երևանի ավելի ուշ շրջանի՝ 18-20-րդ դարերի պատմությունը՝ մատնանշելով նաև քաղաքում իրականացված պեղումների որոշ աշխատանքներ։ Պրոպագանդիստական ֆիլմում ցուցադրվում են շատ տեսարաններ՝ նկարահանված Երևանում և Սիսիանում, որոնց հեղինակները դեռևս հայտնի չեն։ Համաձայն բաց աղբյուրների, CBC հեռուստաընկերությունը պատկանում է ադրբեջանական նավթահանման առաջատար SOCAR ընկերությանը։

Սեդա Գրիգորյանը և Միքայել Բադալյանը որոշել են հանրայնացնել նկարահանված հարցազրույցները՝ մի քանի կտորով, ոչ միայն փաստելու համար, որ գիտնականի խոսքը կոնտեքստից կտրված և մանիպուլացված էր ներկայացվել ադրբեջանական ֆիլմում, այլև հանրությանը հասցնելու ամբողջական բովանդակությունը՝ առանց աղճատման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print