Երբեմն այս կամ այն հարցի մասին անդադար խոսելն ամբողջությամբ փոխում է կամ հօդս է ցնդեցնում այն նպատակները, որոնք ի սկզբանե դրվել էին այդ հարցի հանրայնացման տակ:
«Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում որեւէ պաշտոնատար անձի կողմից պետության լուծարման իրավական գործիք եւ մեխանիզմ, իսկ նման բովանդակություն պարունակող փաստաթղթերն ուղղակի առոչինչ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ խոսելով Սամվել Շահրամանյանի կողմից Արցախը հունվարի 1-ով լուծարելու փաստաթղթի մասին։ Թե այս պահին ինչ կարգավիճակ ունի Արցախի Հանրապետությունը, ինչ իրավական հիմք ունի այդ հրամանագիրը, ինչ է այն ենթադրում, բացի Արցախի պետական կառույցների լուծարումը, փաստաթուղթը ստորագրող Սամվել Շահրամանյանը հրաժարվում է մեկնաբանել։ Վերջին անգամ նրան տեսել են շաբաթ օրը՝ սուրբծննդյան պատարագի ժամանակ, եւ լրագրողները հնչեցրել են Արցախի վերաբերյալ բազմաթիվ հարցեր, սակայն Շահրամանյանը կրկին հրաժարվել է խոսել։
Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ այդ փաստաթղթերի առոչինչ լինելը նշանակում է, որ դրանց իրավական ուժ չունենալն ապացուցելու, հիմնավորելու կամ դրանք վիճարկելու կարիք չկա, դրանք առոչինչ են ընդունման պահից:
«Հարցը կարեւորություն է ներկայացնում երեւի ոչ այնքան իրավական, որքան պատմական, իրավաքաղաքական, հանրային ընկալումների ու մտահոգությունների տեսանկյունից: Այս առումով, իհարկե, կարեւոր են գնահատականներն ու դրա վերաբերյալ տեսակետները, բայց մյուս կողմից որքան շատ է խոսվում դրա մասին ու խոսվում է վախվորած կամ մտահոգված, որքան մեծ նշանակություն է տրվում այդ փաստաթղթին, այնքան ավելի մեծ կշիռ է հաղորդվում դրա պատմական ու իրավաքաղաքական նշանակությանը: Երբեմն այս կամ այն հարցի մասին անդադար խոսելն ամբողջությամբ փոխում է կամ հօդս է ցնդեցնում այն նպատակները, որոնք ի սկզբանե դրվել էին այդ հարցի հանրայնացման տակ: Որքան էլ փաստաթղթերն այսօր կարեւոր դեր ունեն աշխարհում, միեւնույն է՝ պետության հիմնադիրը, պետություն ու պատմություն կերտողը ժողովուրդն է»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը: