Վարչապետին է ներկայացվել ԱԳՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ձեռքբերումներին, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման նպատակով ձեռնարկված քայլերին:

Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին և գործընթացներին:

ՀՀ վարչապետին ներկայացվել են երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը, առկա արդյունքները: Ընդգծվել է, որ ՀՀ ԱԳՆ ջանքերը միտված են եղել սերտացնել փոխգործակցությունը լայն աշխարհագրությամբ՝ ինչպես հարևան և այն պետությունների հետ, որոնց պարագայում արդեն իսկ ձևավորվել են բարեկամական կապեր, այնպես էլ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության զարգացումն ունի շոշափելի ներուժ թե´ տնտեսական, թե´ այլ ոլորտներում: Այս համատեքստում, նշվել են այն այցերն ու շփումները, որոնք նոր լիցք և բովանդակություն են հաղորդել համապատասխան երկրների հետ օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության զարգացմանը: Ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացվել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ: Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից:

ՀՀ վարչապետին ներկայացվել են նաև բազմակողմ հարթակներում միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության, բազմակողմ մշակութային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր կառույցներում ՀՀ թեկնածությունների առաջմղման աշխատանքներն ու արդյունքները:

Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումների, ի թիվս այլ նախաձեռնությունների, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:

Ներկայացվել են նաև 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:

Ներկայացվել են նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքային, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված ծավալուն, թիրախային աշխատանքները: Ընդգծվել է, որ թվային օրակարգի շրջանակում շարունակվել է հյուպատոսական ծառայությունների թվայնացումը, ինչի արդյունքում ներդրվել է առցանց վճարումների, հերթագրման և տեսակապի միջոցով համապատասխան փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը:

Ընդգծելով դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու կարևորությունը՝ ներկայացվել են նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կադրերով համալրելու, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական դպրոցում օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրերը: Անդրադարձ է կատարվել ԱԳՆ համակարգում իրականացվող և շարունակական բարեփոխումներին, դիվանագիտական ծառայության գրավչության ավելացման նպատակով հնարավոր քայլերին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որն դիվանագիտական ծառայությունն իր բնույթով առանձնահատուկ է և կարևորել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ծառայության ներուժը հարստացնելու, այդ թվում՝ երիտասարդ ու հատուկ մասնագիտական կարողություններ ունեցող կադրերով այն լրացուցիչ համալրելու գործընթացը:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: «Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print