2024 թվականից բժշկասոցիալական փորձաքննությունը փոխարինվում է անձի ֆունկցիոնալության գնահատմամբ:
2021 թվականին ընդունվել են երկու կարեւոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված 2022 եւ 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող եւս 15 օրենք է փոփոխության ենթարկվել:
Դրանք անհրաժեշտ էին առաջին մակարդակում նոր կարգավորումների գործարկման համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ի նիստի ժամանակ:
Հիմնական զեկուցողի խոսքով շրջանառվում են կից գերատեսչություններին վերաբերելի օրենքներ, եւ եզրութաբանական տեսանկյունից պատշաճ կիրառում ապահովվելու նպատակով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները, հասկացությունները ներդաշնակեցվում են:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի քայլերի հաջորդականությամբ: 2024 թվականից բժշկասոցիալական փորձաքննությունը փոխարինվում է անձի ֆունկցիոնալության գնահատմամբ: Նա հարցրել է՝ ֆունկցիոնալության գնահատման համար ի՞նչ քայլերի հաջորդականությամբ անձը պետք է գործի:
Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վերափորձաքննության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի վատթարացման պատճառով ֆունկցիոնալության գնահատման համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց՝ սպասարկում իրականացնող բնակչության բժշկական օգնություն տրամադրող առաջնային օղակ (պոլիկլինիկա կամ հիվանդանոց): Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է հատուկ համակարգ, որով անձի համապատասխան բժշկական հետազոտությունների հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ուղեգրում է կատարում, եւ քաղաքացին որեւէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա: Այնուհետեւ անձը կարող է մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (գործում է 49 նման կենտրոն)՝ հատուկ աշխատակիցների օգնությամբ լրացնելու դիմում: Քաղաքացիները կարող են նաեւ օնլայն եղանակով լրացնել վերոնշյալ դիմումը, որից հետո որոշակի ժամկետում գնահատման օրվա վերաբերյալ կստանան համապատասխան ծանուցում:
Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարի տեղակալին նոր համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ, որոնց առնչությամբ տրվել են մանրամասն պատասխաններ:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն: