Իրավիճակը Լարսում․ մանրամասնում է մաքսային կցորդը

Մաքսային կցորդը վստահեցրեց, որ խնդիրների մասին օպերատիվ կերպով տեղեկանում են:

Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են  և դեռևս Լարսում ձևակերպված չեն: Դրանց մի մասն արդեն անցել է սահմանը, ռուսական կողմում ձևակերպում են ստանում, մյուս մասը՝ վրացական կողմում կամ մինչև արգելափակված հատվածում են, կամ արդեն անցել են, սպասում են ընթացքը շարունակելուն»,-ասաց Հակոբյանը:

Մաքսային կցորդը վստահեցնում է՝ միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, Խաչի լեռնանցքում հաճախ ձյան, մերկասառույցի պատճառով բեռնատարների համար երթևեկությունը սահմանափակվում է: «Այս պահի դրությամբ էլ սահմանափակված է: Ձնամաքրման աշխատանքներից հետո սպասում ենք, որ ճանապարհը կրկին երթևեկելի կլինի նաև բեռնատարների համար»,-ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ կան փչացող ապրանքներ, բայց այս պահի դրությամբ շատ չեն:

Իսկ Ռուսաստանից եկող ուղղությամբ բեռնատարները քիչ են՝ մի քանի տասնյակ, հիմնական մասն անցել է:

Մաքսային կցորդը վստահեցրեց, որ խնդիրների մասին օպերատիվ կերպով տեղեկանում են:

«Այս պահին ոչ մի այդպիսի խնդիր չունենք, որի համար անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ բնականոն ռեժիմով իրականացվում է, մեր բեռները ձևակերպվում, անցնում են Ռուսաստանի սահման»,-հավաստիացրեց Հակոբյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print