🎦Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին

Նշենք, որ այսօր Կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար  մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Կառավարությունն այս նպատակով տեղահանվածներին կտրամադրի 50.000 դրամ կրթաթոշակ և ևս 50.000 դրամ՝ ուսման վարձի համար։

Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստին 2023 թ․-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե չէ, կներեք, կարող են տանել բակում տաղավար դնել, ասել` մենք մասնագիտական ուսուցում ենք տալիս, 50,000-ները բերեք։ Բովանդակությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե ելնենք Ձեր ասածից, ունենք երաշխավորված ծրագրեր մինչև 6 ամիս ժամկետով, բա որոշման մեջ ինչո՞ւ է գրված մինչև 5 ամիս։ Մինչև 5 ամիսը նշանակում է 10 օրից կամ 1 ժամից սկսած մինչև 5 ամիս»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կան կրթական հատատություններ, որոնք պարտադիր չէ, որ 6 ամիս լինեն։

«Պարոն վարչապետ, մի ճշտում անեմ․ մինչև 6 ամիս, որը չի ներառում 6 ամիսը։ 6 ամսից սկսած կարող է արդեն որակավորում տալ, ծրագիրը կարող է լինել 5 ամիս 20 օր, օրինակ»,- հավելեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հա, շատ լավ հասկանում եմ, ինչո՞ւ եք կռիվ անում։ Ասում եմ, եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչո՞ւ ենք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք շատ լավ, կդարձնենք 6 ամիս, հիմա ևս 3 ժամ կքննարկենք, շատ պարզ հարց եմ տալիս»,- դիմելով ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, թե ամեն մարդ չի կարող մասնագիտական ուսուցում մատուցել, պետք է հասկանալ՝ ուր են դիմում ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, կարևոր է, որ հաստատությունը լիցենզիա ունենա. «Մենք պետք է տնայնագործական տրամաբանությունը բերենք որոշակի կարգավորումների դաշտում տեղավորենք, որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար  մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Կառավարությունն այս նպատակով տեղահանվածներին կտրամադրի 50.000 դրամ կրթաթոշակ և ևս 50.000 դրամ՝ ուսման վարձի համար։

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար․

«Երբ անձը բերի վկայական, որ անցել է կրթական շրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքվի գործատուի հետ, և 50.000 դրամի չափով 3 ամսվա ընթացքում կփոխհատուցվի գործատուին հարկերը՝ եկամտային հարկ, դրոշմանիշային հարկ և սոցիալական վճարները։ Ընդ որում, և ուսման վարձը, և կրթաթոշակը կտրամադրենք մասնակցած օրերի համար»,- պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ըստ նրա՝ եթե գործատուն պայմանագիր չկնքի կամ 3 ամսից շուտ լուծարի ԼՂ-ից տեղահանվածի հետ պայմանագիրը, կփոխհատուցի ուսման վարձի և կրթաթոշակի համար պետության տրամադրած գումարը։ 

Մկրտչյանի խոսքով՝ աջակցության երկրորդ ուղղությունն էլ այն է, որ նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցում կտրամադրվի շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165․000 դրամ։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցություն կտրամադրվի՝ առավելագույնը ամսական 50․000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Երրորդ ծրագրով էլ առաջարկվում է մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով կվճարվի 50․000 դրամ ուսման վարձ և 50.000 դրամ կրթաթոշակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print