Հայաստանի ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը ։
Հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էր, ով իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով․ «Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»։