Ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։
Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար։
Նա նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները»,–ասել է ՀՀ դեսպանը։
Այս համատեքստում Տոլմաջյանը առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։
Ցուցահանդեսի բացման ներկա են եղել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։