ՆԳՆ-ն առաջարկում է նաև պարգևատրված զենքերը մալել, ապա՝ վերադարձնել սեփականատիրոջը։
ՔԿ ԶՔԳՎ քննիչները կկրեն մարտական ինքնաձիգ՝ սահմանամերձ գոտիներում քննչական գործողություններ կատարելու ընթացքում, մինչդեռ խնդրահարույց է, որ շրջանառվող օրենսդրական նախագծով՝ քննիչներն ինքնապաշտպանության համար չեն կարողանա կրել «ՏՏ» կամ «Մակարով» տեսակի ատրճանակները, որոնք այս պահին առկա են ՔԿ սպառազինության բալանսում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տրվեց ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին։
Քննարկման ժամանակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն՝ առաջարկելով ԶՔԳՎ քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն։ ՆԳՆ-ն առաջարկում է նաև պարգևատրված զենքերը մալել, ապա՝ վերադարձնել սեփականատիրոջը։
ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանը, սակայն, նախագծի շուրջ այլ մտահոգություններ հայտնեց՝ կապված քննիչների՝ ՔԿ սպառազինության բալանսում առկա զենքերը կրելու հնարավորությունից զրկվելու հետ։
«Այսօր ՔԿ սպառազինության մեջ առկա են «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, որոնք ըստ մասնագետների, այդ թվում՝ ոստիկանության փորձագետների կարծիքի՝ համարվում են մարտական ատրճանակներ, հետևաբար, եթե քննիչն ինքնապաշտպանության համար այդ ատրճանակները կրի, դա համարվելու է անթույլատրելի։ Այս խնդիրը լուծելու համար առաջարկում ենք նախագծում ամրագրել, որ քննիչներն իրավունք ունենան կրելու մարտական ատրճանակ, այսինքն, այն, ինչ տարիներ շարունակ ունեցել ենք մեր սպառազինությունում և այսօր էլ ունենք, ստիպված այդ զենքերը կրելու խնդիր ունենք»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ հնարավոր է «Մակարովը» փոխարինել «Բայկալով», որն ի սկզբանե ծառայողական զենք է համարվում, բայց գնումը երկար գործընթաց է, մինչև գնումները քննիչները զրկվում են առկա զենքերը կրելու հնարավորությունից։ Այվազյանն առաջարկեց փոփոխություն մտցնել նախագծում՝ նշելով կա՛մ մարտական ատրճանակի հնարավորություն, կա՛մ անցումային դրույթ սահմանելու, որով հնարավորություն կլինի առկա զենքերը կրել՝ մինչև ծառայողական նոր զենքերի ձեռք բերումը, հակառակ դեպքում, առկա զենքերը պարզապես արգելվում է կրել քննիչներին։
Արփինե Սարգսյանն էլ չհամաձայնեց՝ նշելով, թե իբրև մեկ շեղումը մի կողմ կթողնի օրենքով նախատեսված զենքի տարանջատումները։
Նկատենք, որ անգամ քպական պատգամավորներն էին նշում, որ անգամ պարեկներին թույլ է տրվում նույն ուժգնության ատրճանակ կրել, ինչը ներկայացվում է որպես ծառայողական, ավելին՝ «Մակարով» ու «Բայկալ» տեսակի ինքնաձիգերը նույնն են՝ մեկը կոչվում է մարտական, երկրորդը՝ ծառայողական ու հիմա ՔԿ-ն իր հաշվեկշռում գտնվող «Մակարով» ատրճանակները պետք է շպրի, որ «Բայկալ» ձեռք բերի։
Այդուհանդերձ, հանձնաժողովը քվեարկությամբ ընդունեց նախագիծը՝ առանց ՔԿ նախագահի տեղակալի առաջարկը հաշվի առնելու, Այվազյանն էլ արձանագրեց․ «Շնորհակալ եմ, այո, ԶՔԳՎ խնդիրը լուծվեց, ինքնաձիգ կարող է կրել, բայց նույն ԶՔԳՎ քննիչը ատրճանակ կրել չի կարող։ ԶՔԳՎ-ն ինքնաձիգի կարիք ուներ, երբ սահմանամերձ գոտիներում դեպքեր էին արձանագրվում և այդ դեպքերի ժամանակ մեր ԶՔԳՎ քննիչը, զրահաբաճկոն հագնելով, ինքնաձիգն ուսը գցելով, գնում էր դեպքի վայրը զննելու, քննչական գործողություններ կատարելու, բայց առօրյա կյանքում մեր քննիչներին անհրաժեշտ էր ատրճանակ։ Առկա իրավակարգավորումը, որ դուք առաջարկում եք, մեզ զրկում է այսօր մեր սպառազինության մեջ առկա ատրճանակները կրելու իրավունքից, պետք է գնանք գնումների, որը երկար գործընթաց է»։