Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակմանը . «Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում զոհվել է 3 հայ զինծառայող։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։ Ադրբեջանական զորքերի հետքաշումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի` Ադրբեջանի օկուպացիայից տուժած տարածքներում և հարակից շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է»։