Ակնկալվում է թողունակության ավելացում
Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցման կետերում կատարվում են կապիտալ շինարարական աշխատանքներ։ Սահմանային անցակետերն արդիականացվում են, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ Մեղրիի սահմանային անցման կետն ամբողջությամբ վերափոխվելու է և լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մաքսակետ:
«Մեղրիում միջազգային պահանջներին համապատասխանող այնպիսի մաքսային կետ ենք ունենալու, որ մեկ տեղում հնարավոր լինի բոլոր գործառույթները կատարել։ Ավտոմեքենան կժամանի, բոլոր գործառույթները կիրականացվեն ու ապրանքները բաց կթողնվեն հենց անցման կետերից։ Սա շատ մեծ ծրագիր է»,-ասաց Կարեն Թամազյանը։ Թե երբ պատրաստ կլինի Մեղրիի անցակետը, ՊԵԿ նախագահի տեղակալը դժվարացավ ժամկետներ նշել։
Արդիականացման ծավալուն աշխատանքներ են կատարվում նաև Բագրատաշենի սահմանային անցակետում։ Արդյունքում նշված կետի թողունակությունը կրկնապատկվելու է:
«Բագրատաշենում նախատեսում ենք ավելացնել հոսքուղիները՝ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղիները։ Ներկայում ուղևորատար մեքենաներն ու բեռնատարները, կարելի է ասել, նույն ուղիներով են անցնում։ Արդիականացման աշխատանքները ենթադրում են, որ առաջիկայում այդ հոսքուղիները տարանջատվելու են։ Այս ամենը ենթադրում է, որ Բագրատաշենում թողունակությունը կկրկնապատկվի»,-հավելեց Կարեն Թամազյանը՝ նշելով, որ նախատեսում են աշխատանքներն ավարտել 2024-ի վերջին։
Կարեն Թամազյանը վստահեցրեց, որ այս արդիականացման աշխատանքներին զուգահեռ իրականացվում է կադրերի վերապատրաստում։ Դա իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Այն հարցին, թե անցակետերում թողունակության ավելացմանն ինչպես է արձագանքելու սպասարկող անձնակազմը, արդյոք ռեսուրսները կբավարարեն գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ այժմ նախատեսում են ուժեղացնել թվային համակարգերը, որ եղած ռեսուրսներով կարողանան այդ թողունակությունը սպասարկեն։