Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Դրա մասին են վկայում արտահանման ծավալների զգալի աճը (շուրջ 53,7մլն դոլար՝ 2022-ի առաջին կիսամյակում)։
Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի տեղեկացմամբ՝ առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան իրանական 80 ընկերություն։ Նախագիծը կիրականացվի իրանական կողմի ֆինանսավորմամբ։
Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։
Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։ «Հիմա բանակցում ենք, որ Թեհրանում էլ բացվի հայկական ապրանքների նման կենտրոն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Երևանում այս նախագիծը կատարվում է իրանական ֆինանսավորմամբ։ Ուստի, եթե մենք էլ ցանկանանք առևտրի տուն բացել, ծախսերն էլ պիտի մեզ վրա վերցնենք», – նշել Կոստանյանը։