ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվել է , որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արվել անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։
«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի դրսևորում է։ Սահմանամերձ համայնքները, ներառյալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևիյան վարչակարգից: Այս բանաձևով մենք հստակեցնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար հրամայական է մեկընդմիշտ դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցություն»:
Ավելի վաղ Ադրբեջանի դեմ իրենց նախագծերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ հանդես էին եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։