Պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ 

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ 
– մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, 
– աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, 
– մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և տրվում ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։

Ուսուցումն ավարտելուց հետո՝ գործատուի ու շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր․ այս դեպքում գործատուին պետք է տրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման համար։ 

Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։

Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման համար։

Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ:

Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար)։ 

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վերադարձնել շահառուի կրթաթոշակի/ուսման վարձի կամ որպես աշխատավարձ վճարված գումարը։ 
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print