Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մարզում առաջացած խնդիրներն ու ստեղծված իրավիճակը։
Հանդիպման սկզբում մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար՝ կարևորելով միջազգային հանրության կողմից թշնամու վրա հստակ ճնշումներ գործելու փաստը հետագայում ռազմական գործողությունները բացառելու համար։
Լին Թրեյսին իր հերթին հարգանքի խոսքն է փոխանցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին՝ փաստելով նաև, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիան ևս շատ երիտասարդների կյանքեր խլեց։
ԱՄՆ դեսպանը նշել է, որ հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․ «Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»,-ասել է դեսպանը։
Ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում տիկին Թրեյսին նշել է․ «Իրավիճակը Սյունիքում, առհասարակ Հայաստանում միշտ իմ մտքում կլինի, եւ եթե կա բան, որ կարող եմ անել ու օգնել այստեղ խաղաղության հաստատմանը, ապագայում եւս կանեմ, անկախ նրանից, թե որտեղ եմ»։
Հիշեցնենք՝ Լին Թրեյսին իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի ՌԴ-ում, իսկ նրան Հայաստանում կփոխարինի ամերիկացի դիվանագետ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը։