Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիրը նամակ է գրել ՀՌՀ նախագահին

Վիշինսկին վստահություն է հայտնել, որ իր նամակով «նյարդայնացնող տհաճությունը», որն առաջացել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, սպառվել է:

Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին’ կապված Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցման հետ: Վիշինսկին իր ուղերձում ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվության իրենց բաժինն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար: 

«Sputnik Ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի, որպես ուժեղ և բարեկամ երկրի, արդար կերպարը՝ բարի մտադրություններով։ Հենց այս իմաստով էլ մենք ծրագրում ենք մեր հետագա հեռարձակումը՝ հասկանալով, որ մեր երկրներում լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատու են բարեկամության մթնոլորտի և Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բովանդակության համար», – ասված է նամակում։

Միևնույն ժամանակ, Վիշինսկին, նշել է. «Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն»: Նրա խոսքով՝ «հարյուր հազարավոր հայերի՝ Ռուսաստանի քաղաքացիների մոտ, որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա, նման բանը չի կարող դժգոհություն չառաջացնել»։ Վիշինսկին վստահություն է հայտնել, որ իր նամակով «նյարդայնացնող տհաճությունը», որն առաջացել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, սպառվել է: «Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս-հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի»,- եզրափակել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print