Մենք պատրաստ ենք աշխատել մեր գործընկերների հետ, ստանձնել պարտավորություններ, լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ աշխատել եւ իրականում ամեն ինչ փորձել առավել լավը դարձնել:
«Գոյ» թատրոնը պետական կարգավիճակ է ստացել 2010-ին, այսինքն թատրոնի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, եւ նա իրավունք ունի իր հիմնադրած կառույցը վերակազմակերպելու, լուծարելու, վերամիավորելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը:
«Կառավարությունը որոշել է վերակազմակերպել՝ «Գոյ» թատրոնը միավորելով Սունդուկյանի անվան թատրոնին: Մենք պատրաստ ենք աշխատել մեր գործընկերների հետ, ստանձնել պարտավորություններ, լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ աշխատել եւ իրականում ամեն ինչ փորձել առավել լավը դարձնել:
Վերջին տարիներին Սունդուկյանի անվան թատրոնի գործառույթները ապացուցում են, որ մենք էականորեն կարողացել ենք դրական փոփոխություններ անել թե շենքի, թե ենթակառուցվածքների, թե ֆինանսական մուտքերի, թե հյուրախաղերի, թե միջազգային համագործակցության ուղղություններով: Սա նշանակում է, որ նույնը պետք է պարտավորվենք իրականացնել «Գոյ» թատրոնի ուղղությամբ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում միասնական աշխատանքը, եթե «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները չեն ցանկանում աշխատել Սունդուկյանի անվան թատրոնի հետ, Մկրտչյանը պատասխանեց. «Հավանաբար, մեր գործընկերները որոշ բաներ չեն պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի այդ համագործակցությունը: Դրա համար մենք պետք է երկար խոսենք, առանց լարվածության, առանց ատելության, բարեկամական, մասնագիտական մթնոլորտում:
«Գոյ» թատրոնի բոլոր աշխատակիցները անխտիր, պահպանելու են իրենց հաստիքները՝ Սունդուկյան թատրոնի կառուցվածքում: Այդ կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, ավելացել է «Գոյ» փորձարարական կենտրոն ստորաբաժանումը, որտեղ ներառված է «Գոյ»-ի ողջ անձնակազմը: Տեխնիկական անձնակազմից գնացել են Սունդուկյան թատրոնի այլ բաժիններ, ինչը տրամաբանական է:
Նույնիսկ կարող եմ ասել, որ 90 տոկոսով այդ հաստիքների անվանումներն են պահպանված: Այսինքն «Գոյ»-ը շարունակելու է գործել «Գոյ» փորձարարական կենտրոն անվանումով, իր տարածքում, իրենց ցանկությամբ եւ ընդհանուր համաձայնությամբ կարող են նաեւ ներգրավվել այլ նախագծերում, բայց որևեւէ մեկին որեւէ բան չենք ստիպելու:
Բնականաբար, իրենք ունենալու են այն նույն իրավունքները, որոնք ունեն Սունդուկյանի թատրոնի աշխտակիցները: Այո, դա լինելու է առանձին ստորաբաժանում: Նրանք պահպանելու են իրենց ստեղծագործական ազատությունը, շարունակելու են խաղալ իրենց խաղացանկը: Մենք անվերջ փորձելու ենք նոր ներկայացումներով դրանք համալրել»:
Ինչ վերաբերում է նրան, որ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դիմել են դատարան, սակայն նխքան դատարանի վճիռը, արդեն ստորագրվել է միավորման ակտը, Վարդան Մկրտչյանն ասաց. «Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ մենք խոսում ենք պետական կարգավիճակ ունեցող թատրոնի մասին եւ հիմնադիրն իրավունք ունի որոշելու իր ստեղծած կառույցի հետագա կարգավիճակի փոփոխության հարցը: Սա բնական երեւույթ է:
Ինչ վերաբերում է նրան, որ դատարան են դիմել, ես որքան տեղյակ եմ, «Գոյ» թատրոնի նոր նշանակված տնօրեն Կարեն Սիմոնյանը այդ դատական գործընթացը հետ չի կանչել, այն իր հունով գնում է: Բայց ես չեմ կարծում, որ դատի տալը հեռանկարային քայլ է»:
Հարցին՝ ի՞նչ ծրագրեր կան միավորումից հետո, նա պատասխանեց. «Ես պատկերացնում եմ, որ «Գոյ» թատրոնը պետք է նոր շունչ, նոր վերելք ապրի: Բազմաթիվ անելիքներ կան այնտեղ, բազմաթիվ մասնագետների լրացուցիչ միջամտությունների կարիք կա այնտեղ: Լուրջ ներդրումների կարիք կա, թատրոնը դուրս հանելու կարիք կա: Անելիքներ բոլոր ուղղություններով էլ կան՝ իհակե, պահելով իրեն բնորոշ դիմագիծը: Այդ ամենը հնարավոր է անել միայն ու միայն մի շատ կարեւոր քայլ անելուց հետո. Ես տեսնում եմ, որ ցավոք սրտի, բազմաթիվ մարդիկ, որ այս թեմայի շուրջ խոսում են, անցնում են անձնական տիրույթներ, անձնական սահմաններ: Հնչում են զրպարտանքներ, պիտակավորումներ, վիրավորանքներ, ոչ հիմնավոր մեկնաբանություններ: Ես կոչ կանեմ այդ մարդկանց մի պարզ բան գիտակցեն, որ ցանկացած ելույթ կարող է լսելի լինել բոլոր այն մարդկանց ընտանիքի անդամների կողմից, ում իրենք քննադատում ու վիրավորում են: Պետք է թողնել այս ատելության մթնոլորտը:
Այդչափ ատելությամբ մոտենալ, փորձել լարվածության մեջ պահել, ես չգիտեմ՝ ում շահերից կարող է բխել այդ լարվածությունը: Որքան շուտ դա մարվի, այնքան ավելի լավ»:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում: