Ինչ պետք է անել այրվածքների ժամանակ. խորհուրդներ ԱՆ-ից

Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահենք միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել

ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանը խորհուրդներ է տվել այրվածքների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հետ կապված:

  • «Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում:
  • Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերըհետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։ Ծածկե՛ք այրվածքի մակերեսը կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
  • Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
  • Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
  • Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։

Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում

  • Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
  • Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
  • Մի՛ բացեք բշտերը վարակի ներթափանցման չնպաստելու համար: Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ առանց բժշկի հետ խորհրդակցելու։
  • Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
  • Մի՛ փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։

Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:

Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:

Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահենք միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print