Պապիկյանն անդրադարձել է զինծառայողի մահվան դեպքին

Ըստ ՊՆ նախարարի՝ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։

Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական քննության արդյունքում, անդրադառնալով ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին` ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Քննչական գործողությունների արդյունքում ի դերև կելնեն խնդիրները, որ դարձել են այս դժբախտ պատահարի պատճառ։ Խնդիրն ունի երկու կողմ, որից մեկը բնական պայմաններն են»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 10 օրում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում. «Այս պահին առկա է 200-ից ավելի դժվարամատչելի դիրք, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց եղանակային այս պայմաններում մշտապես փակման ենթակա են բքի ու ձնահոսքերի պատճառով»։

Ըստ Պապիկյանի՝ կա շուրջ 1 տասնյակ դիրք, որտեղ բոլոր եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամառվա ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել. «Ուզենք, թե չուզենք, զինծառայողների տեղաշարժն այդ դիրք, նաև՝ սնունդ հասցնելն, իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով, և դա պայմանավորված է դիրքերի աշխարհագրական պայմաններով»,- ասել է նա՝ հավելելով, որ գործ ունենք վերջին 3 տարում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություն։

Պապիկյանը նաև ասել է, որ գրավոր հանձնարարական կա՝ այդ օրերին տեղաշարժ չկատարելու. «Այդ օրերին 5 զինծառայողի ծառայության ժամկետն ավարտվել է, բայց եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ նրանցից 4–ը շարունակել է մնալ դիրքերում․ միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել դիրքերից ու պատշաճ զորացրել տուն»։

Ըստ Պապիկյանի՝ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. «Ուզում եմ հորդորել զինծառայողների հարազատներին՝ բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈւ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print