Երևանն ու Ծաղկաձորն իրականում սեփական եկամուտներն ավելացնելու շատ մեծ պոտենցիալ ունեն. Փաշինյան

Երևանում ևս 60 միլիոն դոլարի ծրագիր իրականացնել:

2023-ին համայնքների դոտացիաներն աճել են, նոր կիրառվող բանաձևով դոտացիաները կրճատվել են միայն երկու համայնքում, որտեղ ղեկավարները ՔՊ անդամ են: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե վարչապետը համահարթեցումն այս փուլում բավարար համարո՞ւմ է:

ՀՀ վարչապետը հիշեցրեց՝ դոտացիաների տրամադրման հարցով մի քանի քննարկումներ են տեղի ունեցել Ազգային ժողովում, երբ Փաշինյանը դեռ պատգամավոր էր: Բայց ամեն անգամ որոշվել է այն հետաձգել: Այժմ, ըստ վարչապետի, իրենց քաղաքական թիմը քաղաքական կամք է ցուցաբերել այն իրականացնելու:

«2018-ից այս կողմ համայնքների դոտացիաներն այնքան են աճել, որ նույնիսկ չէինք կարող ասել, որ նման բան կարող էր տեղի ունենալ»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ, օրինակ՝ Գյումրիում դոտացիան մոտ 1 միլիարդ դրամով աճել է:

«Երևանն ու Ծաղկաձորն իրականում շատ մեծ պոտենցիալ ունեն սեփական եկամուտները ավելացնելու: Մենք կօգնենք համայնքներին սեփական եկամուտներն ավելացնել»,- ասաց նա:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Կառավարության՝ հունվարի 18-ին նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, համաձայն որի՝ նախատեսվում է Երևանում ևս 60 միլիոն դոլարի ծրագիր իրականացնել:

«Երկու օր առաջ մենք փոխվարչապետի հետ քննարկում ենք ունեցել և մտածում ենք, որ Երևան քաղաքում նույնպես հնարավորություն տանք որոշակի բանաձևով սուբվենցիաների ծրագրեր իրականացնելու, որպեսզի այդ համահարթեցումը լիարժեք տեղի ունենա, որովհետև Երևանում էլ, ճիշտ է, հնարավորությունները մեծ են եղել, բայց բազմաթիվ հարցեր կան չլուծված, և պետք է առերեսվել, և այդ հարցերը լուծել»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև նկատեց, որ նախկին դժգոհությունը, թե պաշտոնյաներն ընտրությունից ընտրություն են համայնքներ այցելում, այժմ վերացած է, քանի որ վարչապետը հաճախ է այցելում մարզեր:

«Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print