Միաժամանակ ֆիլմերը վարձույթ մտնելուց առաջ ենթակա են դասակարգման և տարիքային սահմանափակման մասին նշագրման՝ օրենքով արգելված բովանդակության կամ տեղեկատվության փոխանցումը ըստ տարիքային սահմանափակման համակարգելու համար:
Կառավարությունը հաստատել է Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ Հայաստանում ֆիլմերի վարձույթի շուկան կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը և վարձույթի շուկայի իրավակարգավորումը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչընդոտում է կինո ոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Վարձութային վկայականը տարածման շուկայում ֆիլմի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները հաստատող փաստաթուղթ է, և այն պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար: Վարձութային վկայականի տրամադրման նպատակն է վարձույթի շուկայի տնտեսավարման համակարգումն ու եկամուտների մոնիթորինգը, ֆիլմերի պահանջարկի վերլուծությունը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների թափանցիկությունը: Միաժամանակ ֆիլմերը վարձույթ մտնելուց առաջ ենթակա են դասակարգման և տարիքային սահմանափակման մասին նշագրման՝ օրենքով արգելված բովանդակության կամ տեղեկատվության փոխանցումը ըստ տարիքային սահմանափակման համակարգելու համար: