Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից:
Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների։ Այդ մասին հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը «ամենահարմարն է»։
«Եթե 2020-ի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից:
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման աշխատանքների, որում ներգրավված է Արդարադատության նախարարությունը, անվտնագային խնդիրների մասին․ «ՀՀ անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Սա նշանակում է, որ մենք խնդիր ենք դնում՝ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում»։